ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանի «Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը մեկնարկել է 2019 թ․-ի մայիսի 1-ից։ Ծրագրի նպատակն է ապահովել երաժշտական նախնական մասնագիտական կրթության ոլորտի բնականոն գործունեությունը, մշակութային կրթության համաչափ տարածքային զարգացումը և երաժշտամանկավարժական առաջավոր փորձի տարածումը, ինչպես նաև ՀՀ մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցության խթանումը։ 

Հաշվի առնելով գրանցած հաջողություններն ու ծրագրի առջև դրված նպատակների հետևողական իրագործման արդյունքները՝ 2022 թվականից այն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում՝ որպես նպատակային կրթական ծրագիր: 

Փոխայցելությունների շրջանակում իրականացվում են համատեղ համերգային միջոցառումներ, ցուցահանդեսներ, վարպետության դասընթացներ, իսկ մասնակից երեխաների համար կազմակերպվում են նաև հայրենաճանաչության բաղադրիչ ունեցող այցելություններ. ծրագրի շրջանակներում երեխաները այցելում են Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային և տեսարժան վայրեր, թանգարաններ: Միջոցառումը տեղի է ունենում մեկ կամ երկու շրջափուլով, իսկ վերջին շրջափուլի ավարտին տեղի է ունենում մեծ գալա համերգ, որտեղ ելույթ են ունենում տվյալ տարվա մասնակից երեխաները և վերջիններիս մասնակցությամբ կազմված նվագախմբերը։