ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ալ․ Հեքիմյան անվան երաժշտական դպրոցը հիմնադրվել է 01.10.1982թ.-ին: Սկզբում գործել է որպես թիվ.13 երաժշտական դպրոց: 1986թ.-ին անվանակոչվել է երգահան, ԽՍՀՄ ներքին ծառայության գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի անունով: Առաջին տնօրենը եղել է Սաշիկ Սուրենի Գրիգորյանը, ուսումնական մասի վարիչը` Լիա Արտաշեսի Յուզբաշյանը: Այդ տարում դպրոցում գործում էին ընդամենը մի քանի բաժին`դաշնամուրային, լարային, փողային և ժող. նվագարանների: Այս տարիներին դպրոցում գործում էր լարային համույթ Գևորգ Աճեմյանի ղեկավարությամբ: 


Դպրոցի փողային բաժնում ի սկզբանե գործում էր փոքրիկ փողային նբագախումբ, որը տարեց տարի ընդլայնվեց և 1986թ.  դարձավ <<Արաբկիր>> փողային նվագախումբ: Վերջինս ժամանակի լավագույն մանկապատանեկան փողային նվագախմբերից էր Հայաստանում /ղեկավարներ՝ Հայկ Հովակիմյան, Պետրոս Ժամկոչյան, Յուրա Կիրակոսյան, Էդուարդ Դիլանյան/:

Դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային, կիթառի, հարվածային գործիքների, դասական վոկալի, էստրադային վոկալի, ազգային նվագարանների, կոմպոզիցիայի և պարարվեստի բաժինները, որոնց ծրագրում ընդգրկված է նաև երաժշտագեղագիտական ուսուցումը:

Ալ․Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները շատ ակտիվ են և մասնակցում են հանրապետական և միջազգային մրցույթների, գրավում պատվավոր տեղեր։ 2016 թ․-ին դպրոցի վոկալ և փողային բաժնի սաների մասնակցությամբ բեմադրվել է «Մի անգամ երազում» մյուզիքլը։ 

Համերգային շրջագայություններով դպրոցի աշակերտները հանդես են եկել ՀՀ մարզերում և արտերկրում։ 2017 թ․-ին դպրոցի փողային նվագախումբը համերգային շրջագայության է մեկնել Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաք, որտեղ տեղի երաժշտական դպրոցի սաների համար վարպետության դասեր է տվել։ 

2018 թ․-ին Վիեննայի և Բեռլինի հայկական համայնքներում դպրոցի տարբեր բաժինների սաներ համերգներ են տվել նվիրված Էրեբունի-Երևան 2800 ամյակին։ 2019 թ․-ին դպրոցի շնորհաշատ սաները ելույթ են ունեցել Իտալիայի Սան Ջովանի Վալդարնե քաղաքում, ինչպես նաև մասնակցել են Ռիմինի քաղաքում տեղի ունեցած «ITALIAN BREAK» մրցույթին, որտեղ մեր բոլոր մասնակիցները զբաղեցրել են պատվավոր տեղեր։ 

2019թ.  դպրոցի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության օժանդակությամբ կայացավ Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը: Հաշվի առնելով գրանցած հաջողություններն ու ծրագրի առջև դրված նպատակների հետևողական իրագործման արդյունքները՝ 2022 թվականից այն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում՝ որպես նպատակային կրթական ծրագիր: 2019թ․-ի նոյեմբերի 1-ին դպրոցի տարբեր բաժինների աշակերտները մասնակցել են Վրաստանի Թելավի քաղաքում կայացած «Old town pictures» խորագրով միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ բոլոր մասնակիցները արժանացել են պատվավոր մրցանակների։ 2020 թ․-ին Ալ․Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի ֆեյսբուքյան էջով դպրոցի սաները մասնակցել են բազմաթիվ առցանց համերգների։ Դպրոցի սաները 2020 թվականի ամբողջ ընթացքում մասնակցել են միջազգային տարբեր մրցույթ-փառատոնների և արժանացել պատվավոր տեղերի և դիպլոմների։ 2020 թ․-ի դեկտեմբերի 25-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում դպրոցը կազմակերպել է համերգ նվիրված Արցախցի երեխաներին։ 

Դպրոցում գործում է երգչախումբ դպրոցի բոլոր բաժինների սաների մասնակցությամբ, ղեկավար՝ Նունե Մելիքսեթյան։

Դպրոցն ունի նաև փողային նվագախումբ`«Heqimyan Band», առանց որի մասնակցության մայրաքաղաքում չի անցնում գրեթե ոչ մի մշակութային միջոցառում։ Նվագաախումբը ղեկավարում է Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Իրինա  Գասպարյանը։